Խաչատուր Աբովյան
From Wikipedia
Խաչատուր Աբովյանը (Հոկտեմբեր 15, 1805 - 1848) հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։
[խմբագրել] Կենսագրություն
Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1805 թվին: Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի: Նրա պապի` Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը` վիպասանը: Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել:
Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Կաթողիկոսին: էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս` ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ: 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը: Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո` 1826 թվին, վերադառնում է հայրենիք: Այդ իսկ թվին նա անցնում է Էջմիածին:
Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման` կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու:
1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր` Ֆրիդրիխ Պարրոտը` մի խումբ գիտնականներով` Արարատի գագաթը բարձրանալու համար: Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցելու այդ գիտական արշավախմբին` որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն: