Նահապետ Քուչակ
From Wikipedia
Նահապետ Քուչակ (XV դարի վերջ XVI դարի սկիզբ-1592), հայ աշուղ-երգիչ։
[խմբագրել] Կենսագրություն
Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:
[խմբագրել] Ստեղծագործություններ
Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Ն. Ք. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Ն. Ք. դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը:
Գրկ. Տևկանց Ա., Հայերգ, մեղեդիք, տաղք և եդգք, Թ., 1882: Չոպանյան Ա., Նահապետ Քուչակի դիվանը, Փարիզ, 1902: Նույնի, Հայրեններու բուրաստանը, Փարիզ, 1940: Մնացականյան Ա., Հայրենների և Նահապետ Քուչակի մասին, «ՊԲՀ», 1958, N 2: Եգանյան Օ., Նահապետ Քուչակի հայատառ թուրքերեն տաղերը, «ԲՄ», N 5. 1960: Աբեղյան Մ., Երկ., հ. 2, Ե., 1967: Tchobanian A., La roseraie d'Armenie, t. 2, P., 1923, p. 179-194. Ս. Հարությունյան
Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1982թ