Շարական
From Wikipedia
ՇԱՐԱԿԱՆ, հայ միջնադարյան հոգևոր երգ, օրհներգություն։ Երգվում է եկեղեցական տոների ժամանակ։ Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից և ծագում է «շարական» անունը։ Շարականները ստեղծվել են հունական նմանատօպ երգերի օրինակով, V-XV դդ.։ Հայ թարգմանական գրականության հիմնադիրները Հին ու Նոր կտակարանները թարգմանելուն զուգընթաց հոգացել են նաև ընդհանուր քրիստոնեական երգաբանությունը Հայաստան ներմուծելու, հայ ազգային եկեղեցական երաժշտություն ստեղծելու մասին։ Առաջին շարականագիրներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին։ Շարականների հեղինակները եղել են երաժիշտ, բանաստեղծ, երգիչ. ինենք են հորինել եղակակը, բառերը և երգել։ Երգերը բովանդակում են աստվածաշնչային մտքեր, որոնք համապատասխան էլ շարականների շարքերն ստացել են իրենց անունը. 1.Օրհնութիւն (սրան կից՝ «Գործք» կամ «Գործատուն»), 2.Հարցն, 3.Մեծացուսցէ, 4.Ողորմեա, 5.Տէր յերկնից, 6.Մանկունք, 7.Ճաշու, 8.Համբարձի։ Սրանց մի մասը երգվում է վաղորդյան և առավոտյան ժամերգության ընթացքում, մյուսը՝ ճաշի կամ երեկոյան ժամերին։ Շարքերի ամբողջությունը կոչվում է «Կանոն» կամ «Կարգ»։ Շարականները երգվել են ըստ միջնադարյան հայ երաժշտության ութ ձայնեղանակների (աձ, ակ, բձ, բկ, գձ, գկ, դձ, դկ)։