Արիստակես Հայրապետ
From Wikipedia
Սբ. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին է, ծնված Կեսարիայում 264թ.-ին: Մանկությունից իր, իսկ կենսագրի բառերով, “Ըստ աստուածագործ ծառայության սնեալ էր” (Ագաթանգեղոս, 636, [§859] ), այսինքն` աստուածապաշտական ծառայության համար դաստիարակված: Վաղ երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքի. “Մենակեաց լեռնակեաց կրօնս մտեալ” այսինքն միայնակ, լեռնաբնակ կրոնավորական կարգի մեջ մտած էր իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության և “բանջարաճաշակ և խարազանազգեստ” կենցաղի` Նիկոմաքոս ճգնավորի առաջնորդությամբ: Երբ դարձավ չափահաս ու հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ունեցավ աշակերտների իր խումբը: Հաղթահարեց ամեն տեսակ փորձություններ և ինքնազրկանքները “կամայական քաջությամբ տարեալ”, “լուսավորեալ և պայծառացեալ” հոգեվիճակի հասավ: Ըստ Ագաթանգեղոսի, նա նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր կրոնավորական օրինակելի հոգևոր կատարելության: Քանի որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը հաճախ կբացակայեր իր հայրապետական նստավայրից` երկրի ծայրամասերում կքարոզեր Աստծո խոսքը և ճգնակյաց կյանք կվարեր: Տրդատ թագավորը հաշվի առնելով այս ամենը, մարդ ուղարկեց Արիստակեսի հետևից: Երբ նրան ներկայացվեց թագավորի հրավերը, Արիստակեսը չէր ուզում հեռանալ իր մենաստանից մինչև որ քրիստոնյաների բազմությունը նրան համոզեց, որ “Աւելի լավ է, որ Աստուծո մշակութեան գործին նուիրուիս, քան մենակեաց անապատական կեանքին”: Ուստի Արիստակեսը հետևեց Տրդատ թագավորի պատվիրակներին: Երբ հասան Հայաստան, թագավորի հետ միասին փնտրեցին Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառում` Մանեայ Այր կոչված ճգնարանում: Տրդատը խնդրեց Լուսավորչին, որպեսզի նա իր երկու որդիներին` Արիստակեսին և Վրթանեսին եպիսկոպոսներ ձեռնադրի: Այս կապակցությամբ Օրմանյանը կավելացնի. “Ընդհանուր փափաքին վրայ, Արիստակես, իբրեւ աւելի հոգեւորական անձ, մեծ եղբօրմեն առաջ եպիսկոպոսութեան կը կոչուէր եւ իր հօր հայրապետական պաշտօնին օգնական կը նշանակուէր” (Ազգ. հտծ. 73): Արիստակեսի մասին շատ դեպքեր կամ գործունեության դրվագներ հայտնի չեն: Հիշատակության արժանի է նրա մասնակցությունը Առաջին համաքրիստոնեական ժողովին, որը գումարվել էր 325թ. Նիկիա քաղաքում: Նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսները` Հովհաննես Տիզբոնեցին, Հակոբ Մծբնացին, Եվթաղ Եդեսիացին և Ղեվոնդիոս Կեսարացին: Նիկիայում իր մասին մի դեպք կպատմեն, մի խումբ արիոսականներ տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հյուծված կերպարանքը, կծաղրեին, թե Հայոց Եպիսկոպոսը ավելի շատ մշակի կնմանվի, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացի արորադիր եզները վերցնի և ծովը հերկի: Արիստակես առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատ գետին: Վերադարձին նա իրեն ծաղրողներին ասեց. “Եթե դուք ալ ուղիղ հաւատք ունիք` գացէք հերկերուն վրայ սերմ ցանեցէք”: Մարդիկ ամոթահար եղան եւ իրենց հարգանքը եւ համարումը ավելի մեծացավ (Ազգ. հտծ. 82) (Մարզվանցի, էջ 219):