Շահան Շահնուր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահան Շահնուր (իսկական անունը՝ Շահնուր Զաքարի Քերեսթեճյան, 1903 Մարտի 3, Կ.Պոլիս– 1974 Օգոստոսի 20, Փարիզ) ― հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից։
Նախնական կրթությունը ստացել է թաղային դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1922–ին հաստատվել է Փարիզում։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույց»ին։
1927-1929–ին մամուլում «Պատկերազարդ պատմություն հայոց» խորագրով լույս է ընծայել «Նահանջը առանց երգի» իր առաջին վեպը՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1933–ին Շ.Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։
Ծանր հիվանդության պատճառով 30-ական թթ. վերջերից մինչև իր կյանքի վերջը անցկացրել է հիվանդանոցում։ Այդ թվականներից էլ սկսել է գրել ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, միաժամանակ հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հադվածներ ու մանրապատումներ։ 1939–ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները,հրապարակախոսությունները։