Ավեստա
From Wikipedia
«ԱՎԵՍՏԱ», իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության «սուրբ» գիրքը։ Ավեստան ստեղծվել է մ.թ.ա. I հազարամյակի 1-ին կեսին, բանավոր ձևով, հետագայում զգալի չափով վերափոխվել, լրացվել ու գրի է առնվել հին իրանական մի լեզվով, որ պայմանականորեն անվանվում է անշվեստայի լեզու։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ (մ.թ.ա. 334-331) Ավեստան ոչնչացվել է։ Սասանյանների օրոք (III-VIIդդ.), բանավոր ավանդությունների հիման վրա, կազմվել և օրինականացվել է Ավեստայի պահլավերեն տեքստը, ինչպես նաև նրա մեկնությունը՝ Զենդը։ Ավեստայի պահլավերեն տեքստը բաղկացած է եղել 21 մասերից, 7՝ աշխարհի ծագման ու մարդկության առաջացման, 7՝ քաղաքացիական օրենքների ու կրոնական պարտականությունների և 7՝ բժշկության, աստղագիտության ու բարոյագիտության մասին։ Ներկայիս Ավեստան ունի երկու տարբերակ։ Առաջինը իրենից ներկայացնում է Ավեստայի տարբեր գրքերից վերցված աղոթքների ժողովածու։ Երկրորդը բաղկացած է մի քանի մասերից՝ Վենդիդադ, որը ներկայացնում է կրոնական ու քաղաքական պատվիրանների հավաքածու, Վիսպերեդ և Յասնաէ կրոնական արարողությունների ժամանակ կատարվող աղոթքերգեր, Հաշտեր՝ զրադաշտական աստվածներին նվիրված հիմներ, Փոքր Ավեստա՝ աղոթքներ։ Ավեստայի հնագույն մասն են կազմում Գաթերը՝ հիմներ, որոնք վերագրվում են Զրադաշտին։ Ավեստան առանց Գաթերի կոչվում է «Կրտսեր Ավեստա»։ Բացի բուն զրադաշտականության ուսմունքից, Ավեստան պարունակում է նաև ավելի հին հավատալիքների տարրեր։ Ավեստայի կրոնա–փիլիսոփայական գաղափարների համար բնորոշ է դուալիզմը՝ բարու և չարի նախասկիզբների, նրանց մշտական պայքարի ընդունումը։ Իր կրոնա–առասպելական բովանդակությամբ հանդերձ, Ավեստան ունի որոշակի գիտական և գեղարվեստական արժեք։ Այն ընձեռում է արժեքավոր տվյալներ ոչ միայն զրադաշտականության ձևավորման ու էության, այլև առհասարակ իրանական ժողովուրդների հոգևոր մշակույթի ու կենցաղ, նրանց պատմության մասին։