Մանրանկարչություն
From Wikipedia
Մանրանկարչություն
Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից: 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայցնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են “Էջմիածնի Ավետարան” (989թ.), “Վեհափառի Ավետարան” (10-րդ դար` հայտնաբերվել է 1977 թվականին ), “Մողնու Ավետարան” (11-րդ դար) “1038թ. Ավետարան” և այլ անուններով: “Էջմիածնի Ավետարանը” ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ` պահպանված 6-րդ դարից:
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-Հաղբատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի, Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը (13-14րդ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ:
Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը: Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում` Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար), Դրազարկում` Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներ, Սկևռայում ` Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլք, Սսում` Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Ավագը (14-րդ դար) և այլն:
Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է “Վերածնության Նախակարապետ”, “Զարդանկարի վիրտուոզ”: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում: Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր: Մի ձեռգրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների:
Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը: Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը: Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր:
Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները: Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը: Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց` հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության , բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար:
Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում` Գրիգոր Նարեկացիու (10-րդ դար), Ներսես Շնորհալիու (12-րդ դար), Մխիթար Հերացիու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն 4 և Հեթում թագավորների (13-14րդ դարեր), Գրիգոր Տաթևացիու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսի, Մարտիրոս Ղրիմեցիու (17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ:
Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում: Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը: Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) “Գոլշանե Աֆղանի” (“Աֆղանական պարտեզ”) աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը` ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով: