Մատենադարանի ձեռագրերը փիլիսոփայության մասին
From Wikipedia
Հին և միջնադարյան Հայաստանում զարգացման բարձր աստիճանի է հասել հայ փիլիսոփայական միտքը: Մատենադարանում պահվում են աշխատություններ շուրջ 30 հայ փիլիսոփաների` Եզնիկ Կողբացի, Մովսես Քերթող (5-րդ դար), Դավիթ Անհաղթ (5-6-րդ դարեր) Դավիթ Հարքացի (7-րդ դար), Ստեփանոս Սյունեցի (8-րդ դար), Հովհաննես Սարկավագ (1045/50-1129թթ.), Հովհաննես Երզնկացի, Վահրամ Րաբունի (13-րդ դար), Հովհան Որոտնեցի (1315-1386թթ.), Գրիգոր Տաթևացի (1346-1409թթ.), Առաքել Սյունեցի (1425թ.), Ստեփանոս Լեհացի (1699) և ուրիշներ:
5-րդ դարի փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Եզնիկ Կողբացու “Եղծ աղանդոց” աշխատությունն առաջին ինքնուրույն փիլիսոփայական երկն է` գրված հայոց գրերի գյուտից հետո: Այստեղ քրիստոնեության ջատագովության դիրքերից համակողմանի քննադատության են ենթարկված ինչպես հայկական, այնպես և հունական հեթանոսական հավատքը, պարսկական զրադաշտական կրոնը, աղանդավորական ուսմունքները և այլն: Դավիթ Անհաղթի (5-6-րդ դարերի ) ”Սահմանք իմաստության” երկը հայ աշխարհիկ փիլիսոփայական մտքի ամենակարևոր հուշարձանն է, անտիկ իմաստասիրական ավանդույթները շարունակող այն եզակի աշխատություններից, ուր լայնորեն օգտագործված են Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները, և միաժամանակ առաջ են քաշված մի շարք առաջավոր գաղափարներ իմացաբանության և տրամաբանության ասպարեզում:
Հայ միջնադարյան փիլիսոփաներն իրենց աշխատություններում զարգացրել են մի շարք կարևոր գաղափարներ` զգայորեն ընկալվող առարկաների առաջնության և զգայությունnերի դերի, բնության երևույթների հակասությունների ժամանակ և տարածության ծագման և ոչնչացման և այլ փիլիսոփայական խնդիրների վերաբերյալ: Աշխատություններում հանդիպում են բնության երևույթների և նրանց ճանաչողությանը վերաբերող բազմաթիվ մտքերի: 12-րդ դարի գիտնական Հովնաննես Սարկավագը աշխարհի ճանաչման հարցում առաջնակարգ դերը հատկացնում է փորձին, հորդորելով` փորձելով ստուգել գիտելիքները: Հովհաննես Երզնկացին (13-րդ դար) գտնում է, որ “Երկնքի տակ գտնվող ամեն ինչ շարժվում և փոփոխվում է: Տարրերը ծագում են օրինաչափորեն և ոչնչանում օրինաչափորեն”: Փոփոխությունը կատարվում է “Ժամանակի և նյութի հետ կապված”: Առարկաների ոչնչացումը Երզնկացին դիտում է ոչ թե որպես նյութի ոչնչացում, այլ նրա փոփոխություն: Ուշ միջնադարի խոշոր մտածող, Տաթևի համալսարանի հիմնադիր Հովհան Որոտնեցու “Վերլուծություն Ստորոգությանցն Արիստոտելի” աշխատությունում մեկնիչը լուսաբանում է Արիստոտելի կատեգորիաները` ցուցաբերելով միջնադարի համար առաջավոր, նոմինալիստական հակումներ:
5-րդ դարից սկսած հայ փիլիսոփաները սեփական երկերին զուգընթաց թարգմանել են օտար փիլիսոփաների աշխատություններ:
Մատենադարանում կան Արիստոտելի (389-322թ. մ.թ.ա.), Զենոնի, Թեոն Ալեքսանդրացիու (մ.թ. 1-ին դար), Սեկուդոսի (2-րդ դար), Պորֆիուրի (232-303), Պրոկղ Դիադոխոսի (412-4852թթ.), Օլիմպիոդորոս կրտսերի (6-րդ դար) և ուրիշների երկերը պարունակող բազմաթիվ ձեռագրեր: Հին փիլիսոփաների աշխատություններից բացի, Մատենադարանում կան նաև միջնադարյան հեղինակներ Հովհան Դամասկացիու (8-րդ դար), Ժիլբերտոս Պոռետացիու (թարգմ.14-րդ դար), Պետրոս Արագոնացիու (14-րդ դար), Կղեմես Գաղանոսի (17-րդ դար) և ուրիշների աշխատությունները:
Համաշխարհային գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում այն թարգմանությունները, որոնց բնագրերն անհետ կորել են և որոնք համաշխարհային մշակույթի գանձարան են մտել Մատենադարանում պահվող հայերեն թարգմանությունների միջոցով, դրանցից են Զենոն Իմաստասերի “Բնության մասին”, Տիմոփեոս Կուզի “Հակաճառություններ”, Հերմես Եռամեծի “Սահմանումները”, Թեովն Ալեքսանդրացիու “Ճարտասանական վարժությունների մասին” (“Պրոգիմնասներ”) աշխատության չորս գլուխները և այլն: