Գառնիի հեթանոսական տաճար
From Wikipedia
Գառնիի տեսարժան վայր դառնալու հարցում մեծ դեր է խաղում ոչ միայն նրա գեղատեսիլ բնությունը, այլև, ամրոցի հեթանոսական տաճարը:
Ենթադրվում է որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և խորտակվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունը, որը կատարվեց 1930-ական թվականներին պրոֆ.Բունիաթյանի կողմից։ Իսկ պատմության թանգարանում դրված է նրա մակետը, որը Գուրգեն Արևշատյանի գործն է։ Նրանց շնորհիվ, ինչպես ասված է, յուրաքանչյուր քար գտել է իր տեղը։
Այդ հոյակապ հուշարձանը այսօր, վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկը։