Գառնի
From Wikipedia
Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որը մտնում է Աբովյանի շրջանի մեջ։ Գառնին գտնվում է Ազատ գետի ափին, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այս բարձրադիր մասում է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Գառնի անվան ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։ Ինչպես հայտնի է, դեռ վաղ անցյալում շատ ժողովուրդների մոտ, այդ թվում և հայերի, տեղանունների առաջացման ավանդական ստուգաբանության եղանակ էլ կար։ Նրանցից մեկն էլ հենց Գառնի տեղանվան ստուգաբանությունն է, որը կապվում է Հայկազյան Գեղամ նահապետի թոռան՝ Գառնիկի անվան հետ։ Գեղամ նահապետը Ամասիայի որդին էր և ըստ ավանդական պատմության գահակալել է 50 տարի, այն է մ.թ.ա.1900—1850 թթ.։ Նա գաղթել է հարավից՝ Արմավիրից և գնացել է հյուսիս։ Ճանապարհին կանգ է առել ներկա Գառնիի տեղում, որը իր գեղատեսիլ բնությամբ գրավել է նավապետին։ Հրապուրված այդ բնությամբ, Գեղամը մի դաստակերտ է հիմնում, որը նրա անունով սկզբում կոչվել է Գեղամի։ Բայց Գեղամը այդ ավանը թողնում է իր թոռիև՝ Գառնիկին։ Իսկ ինքը շարունակում է ճամփան դեպի Սևանի ավազան։ Այստեղից էլ ավանդական հենքով ստեղծված ժողովրդական ստուգաբանությունը, այն մասին, թե ինչպես դաստակերտը Գառնիկի անունով կոչվել է Գառնի: